Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հիմնանորոգվում են Իջևանի և Հրազդանի հիվանդանոցները

Հիմնանորոգվում են Իջևանի և  Հրազդանի հիվանդանոցները
15.07.2008 | 00:00

Մեկ տարի առաջ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախարարական գործունեությունն սկսվեց համակարգի, մասնավորապես, մարզային հիվանդանոցների վիճակի ուսումնասիրությամբ։ Նախարարության աշխատակիցները կարծես առաջին անգամ տեսան այն, ինչ տեսան այդ ուսումնասիրության արդյունքում և բարձրաձայնեցին մարզային առողջապահության քայքայված վիճակի մասին։ Ըստ մասնագետների՝ նշված ուսումնասիրությունը մարզային առողջապահության համակարգում, մեծածավալության առումով, առաջին անգամ է իրականացվել։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում սկսել է իրականացվել «Մարզային հիվանդանոցների վերանորոգման» ծրագիրը՝ 22,5 մլն դոլար արժողությամբ։ Ի՞նչ փուլում է ծրագիրն այս պահին։ Հարցի շուրջ զրուցում ենք ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ԾԻԳ-ի ղեկավար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
-Ծրագրով նախատեսված է մարզային 10 հիվանդանոցների վերանորոգում և վերակառուցում,- ասաց ԾԻԳ-ի ղեկավարը։- Ընդ որում, մարզային երկու հիվանդանոցների հիմնանորոգումը պետք է իրականացվի այս տարի՝ ծրագրի առաջին փուլում, մյուսների աշխատանքները կիրականացվեն երկրորդ փուլում։ Հիվանդանոցների ընտրության նպատակով նախապես տեղերում իրականացվել է ուսումնասիրություն, որի հիմքում դրված էին շենքային պայմանների, ծանրաբեռնվածության, պահանջարկի ապահովման և այլ խնդիրներ։ Որոշվեց շինարարական աշխատանքները սկսել Իջևանի և Հրազդանի մարզային հիվանդանոցներից։ Այս պահի դրությամբ նշված հիվանդանոցներում քանդման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Պետք է ընդգծեմ, որ սոսկ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվում, կառույցները համապատասխանեցվում են արդի հիվանդանոցային հոսքերի ճիշտ կառավարմանը, ինչը բոլորովին լուծված չէր այստեղ։ Վերակառուցման նախագծում հաշվի են առնված հիվանդանոցի հոսքերի կառավարման, հիվանդի բարոյահոգեբանական, բժշկական ժամանակակից ծառայությունների ներդրման չափանիշները։ Այդ ամենն իրականացնելու նպատակով հիվանդանոցներում քանդվեցին պատեր, միջնորմներ, ինչի արդյունքում մեծացվում են հիվանդասենյակները, որոնք ներառում են լոգարանն ու սանհանգույցը՝ սառը և տաք ջրով։ Հիվանդանոցները կունենան ախտորոշման կենտրոն, ժամանակակից լաբորատորիաներ և այլն։ Վերջին հաշվով Իջևանում և Հրազդանում կունենանք համապատասխանաբար 80 և 50 մահճակալանոց հիվանդանոցներ՝ հագեցած ժամանակակաից բժշկական սարքավորումներով և ծառայություններով, ինչը թույլ կտա բնակչությանը՝ իր բնակության վայրում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մոտեցումը բխում է առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունից։ Սա անուղղակիորեն կթեթևացնի հիվանդների ֆինանսական հոգսերը, որոնք ստիպված չեն լինի վճարել ճանապարհածախսի, մայրաքաղաքում ապրելու դիմաց։
-Որքա՞ն գումար է նախատեսված այդ երկու հիվանդանոցների վերակառուցման համար, որքա՞ն է արդեն ծախսվել։ Եվ, թերևս, ամենակարևորը, շինարարական աշխատանքների որակի ապահովման խնդիրն ինչպե՞ս է լուծված։
-Շինարարությունը սկսելուց առաջ մենք շինարարներին զգուշացրել ենք, որ շինարարական նյութերի ընտրությունը պետք է համաձայնեցվի ղեկավարության և պատվիրատուի, այսինքն՝ առողջապահության ԾԻԳ-ի հետ։ Անշուշտ, եղել են դեպքեր, երբ առաջարկվող նյութերն ուղղակի մերժել ենք։ Սրան զուգահեռ, պարբերաբար՝ շաբաթը մեկ, իրականացնում ենք ուսումնասիրություն տեղերում՝ նախագծող ճարտարապետի, կապալառուի հետ միասին։ Վերահսկողական աշխատանքները մշտական բնույթ են կրում և գտնվում են առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում։ Եթե բժշկական տերմինաբանությամբ խոսենք, ապա կարելի է ասել, որ այդ աշխատանքները նույնն են, ինչ պրոֆիլակտիկան՝ հիվանդությունը կանխարգելելու նպատակով։ Հենց այդ տրամաբանությամբ է իրականացվում շինվերահսկողությունը։ Ինչ վերաբերում է նշված հիվանդանոցների հիմնանորոգման համար հատկացված գումարին, ապա այն ընդհանուր առմամբ կազմում է 780959305 դրամ։ Այս պահի դրությամբ ծախսվել է 21287730 դրամ կամ նախատեսվածի 2,7 տոկոսը։
-Երբ մյուս ծրագիրը հաստատվեց, միջազգային շուկայում վառելիքի, դրանով պայմանավորված ապրանքների գներն այսչափ բարձր չէին։ Ելնելով այդ իրողությունից՝ ծրագիրը փոփոխություններ չի՞ կրել։
-Իհարկե, շինարարական նյութերի թանկացումը մեր շինարարների համար ևս զգալի է (մոտ 10-20 տոկոսով)։ Եթե շինարարական աշխատանքներում ներառած լինեինք կառույցների հիմքի՝ երկաթբետոնե աշխատանքները, ապա տարբերությունը կկազմեր 30 տոկոս։ Անշուշտ, մենք հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում շինարարի համար ռիսկի գործոնը մեծ է։ Մենք ևս մեր հերթին հաշվարկ ենք կատարել, և ըստ դրա՝ շինաշխատանքների տարբերությունը կազմում է մոտ 10-15 տոկոս։ Եթե շինարարությունն ավարտելուց հետո խնդիրներ առաջանան այդ ուղղությամբ, ապա կփորձենք լուծել ԾԻԳ-ի վարկային միջոցներից տնտեսված գումարների հաշվին։
-Մի ցավոտ հարցի կուզենայի անդրադառնալ. մարզերում տարբեր ծրագրեր իրականացնելիս տարբեր կառույցներ նշում են, որ խնդիրներ են ունենում ՏԻՄ-ի հետ, մասնավորապես, դժգոհում են կադրերի գիտելիքների պակասից, ինչը խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը։ Այս ծրագրի իրականացման ընթացքում ի՞նչ տիպի խնդիրներ են առաջանում հիշյալ պատճառով։
-Մինչ այս պահը նշված ծրագրով որևէ խնդիր տեղական ինքնակառավարման մարմինների հետ չի առաջացել։ Սակայն չեմ ժխտի, որ կան այլ ծրագրեր, որտեղ նման դժվարություն առաջանում է։ Չեմ կարծում, թե դա աշխատակիցների գիտելիքների կամ արհեստավարժության պակասից է, ավելի շատ մտածում եմ, որ դա պայմանավորված է բարձիթողի վիճակով։ Պարզաբանեմ։ Մարզերում բնակիչներն ինքնուրույն լուծում են իրենց ենթակառուցվածքների խնդիրները՝ տեղյակ չպահելով համայնքային իշխանություններին։ Շինարարության ընթացքում ի հայտ են գալիս ջրագծեր, կոյուղագծեր, որոնց համայնքային իշխանություններն անտեղյակ են։ Այս դեպքում լուրջ հարցի առջև ես կանգնում՝ դրանք չես ապամոնտաժի՝ մարդկանց զրկելով ջրից, հետևաբար առաջ է գալիս դրանց տեղափոխման խնդիրը։ Այդ գործընթացն իրականացնում են ՏԻՄ-երը, որոշ դեպքերում՝ մեր մասնակցությամբ։ Բայց ուրախ եմ, որ այդ հարցը բարձրացրիք, քանի որ համայնքային իշխանությունները շինարարությունից հետո կունենան լուրջ խնդիր՝ հիվանդանոցների պահպանման պարտավորություն։ Գաղտնիք չէ, որ ցանկացած լավ կառուցված և վերակառուցված շինություն անընդմեջ պահպանման անհրաժեշտություն ունի։ Մարզային հիվանդանոցները գտնվում են վերջինների հաշվեկշռում և դրանց հետագա պահպանման գործը ինչպես հիվանդանոցի ղեկավարի, այնպես էլ քաղաքապետի և մարզային իշխանությունների ուղղակի պարտավորությունն է։ Կանխելով սպասվելիք հարցը (Դուք կնշեք, որ մի շարք ծառայություններ հիվանդանոցում վճարովի են լինելու, արդյո՞ք այդ գումարները չեն բավարարի պահպանման ծախսերի համար)՝ ընդգծեմ, որ դրանք մեծ գումարներ չեն, որոնցով կկարողանաս ամբողջությամբ ապահովել հիվանդանոցի պահպանման ծախսը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5762

Մեկնաբանություններ